Արմինֆո. ««Իհարկե՝ տեղյակ չեմ եղել դրա մասին, բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ և համապատասխան ուղղություններով բաշխում է իրականացրել: Դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից՚, - հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն՚ ռադիոկայանին` անդրադառնալով Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներին:
«Թե ինչպես է դա հայտնվել իրենց կառույցներում, իրենց տանը՝ դրա համար պատասխանատվությունը կրում են այն օղակները, որոնք որ անմիջապես բաշխում են իրականացնում ստորաբաժանումների և զորամասային օղակներում և, իհարկե, այն մարմինները, որոնք պետք է համապատասխան վերահսկողություն իրականացնեն», - նշել է Սեյրան Օհանյանը, ով Պաշտպանության նախարարությունը ղեկավարել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ բանակին ուղարկված օգնության մի մասը գնացել է ոչ թե առաջնագիծ, այլ` գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատուն: