Արմինֆո.Գագիկ Ծառուկյանն այսօր դիմել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և ՀՀ կառավարությանը՝ պարտադիր զինվորական ծառայության տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու՝ Նվեր Ծառուկյանի անունը հանելու կոչով:
«Ծառուկյան՚ դաշինքի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, հիշեցվում է, որ Նվեր Ծառուկյանն ուսանում է անվճար համակարգում և օրենքով սահմանված կարգով մինչ 2021 թվականը օգտվում է տարկետման իրավունքից:
Հավելենք, որ այսօր ԶԼՄ-ներում հայտնվել էր հրապարակում այն մասին, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, որը, փաստորեն, համակարգում է Ծառուկյանը, օրինագիծ է մշակել «գործարարնի որդու համար՚: Մասնավորապես, նախարարությունն առաջարկել է բազկամարտը, որով զբաղվում է Նարեկ Ծառուկյանը, ներառել այն մարզաձևերի ցանկում, որոնցով զբաղվող երիտասարդներն օգտվում են պարտադիր ծառայության տարկետման իրավունքից: Մեկ այլ առաջարկությամբ նախարարությունն անհրաժեշտ է համարում բանակից տարկետման իրավունք ընձեռել միջազգային առաջնություններում ոչ միայն 1-ին և 2-րդ, այլև 3-րդ տեղն զբաղեցրած մարզիկներին: Հիշեցնենք` Նվեր Ծառուկյանը վերջերս 3-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի բազկամարտի առաջնությունում: