Արմինֆո. Հայերն սպանվել են իրենց բնօրրանում, որտեղ ապրել են դարեր շարունակ: Հունիսի 19-ին Երևանում այդ մասին հայտարարել է թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը իր «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» աշխատության հայերեն թարգմանության շնորհանդեսի ժամանակ:
«Հայերը տեղահանվել են սեփական հողերից` Արևմտյան Հայաստանից: Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, արդյո՞ք միայն ներողությունը բավական կլինի: Ոչ, բավական չի լինի՚, - ասել է պատմաբանը: Թաներ Աքչամն, ընդսմին, փաստել է, որ դեռ երկու տարի առաջ թուրքական մամուլում հրապարակված իր հոդվածներից մեկում ներկայացրել է այդ հարցի նկատմամբ իր դիրքրոշումը: Նրա խորին համոզմամբ, Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում պետք է հետևի Իսրայելի հետ Գերմանիայի հաշտության օրինակին: Նրա ասելով, Թուրքիան, անկասկած, պետք է փոխհատուցի վնասը, սակայն` թե ինչ չափով, դժվարացել է ասել:
«Խորապես համոզված եմ. ոչ մի գումար չի կարող փոխհատուցել այն բարոյական վնասը, որը պատճառվել է: Սակայն, կարծում եմ, որ երկու երկրների հասարակությունները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և կողմնորոշվեն, թե ինչպիսի գումար կբավարարի հայկական կողմին: Թեև, կարծում եմ, որ մենք շատ առաջ ենք անցնում, չէ որ առայժմ հարկ չկա նման գործընթաց ակնկալել՚, - ասել է թուրք պատմաբանը:
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում` ժողովրդավարացման գործընթացի, սեփական պատմությունն ընդունելու առնչությամբ: Աքչամը նաև հույս է հայտնել, որ երիտասարդ թուրք պատմաբանների ջանքերով կարող են հասնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման: