Արմինֆո. Սա այն դեպքն է, երբ աչքի տեսածին չես կարողանում հավատալ, հունիսի 18-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ից պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված վերջին բացահայտումներին:
«Տվյալ իրավիճակում տեսնում եմ նաև մեծ ռիսկեր: Պատկերացնում եք, թե ինչ հաճույքով ադրբեջանցիները կներկայացնեն այդ իրավիճակը, և ինչպես կվարկաբեկեն հերոսների անունները: Եթե այդ ամենը հաստատվի, ամոթ և խայտառակություն է»,- ընդգծել է Ռուստամյանը՝ ավելացնելով, որ գործընթացները պետք է ընթանան օրենքի շրջանակներում:
Ռուստամյանը նաև հայտարարել է, որ տվյալ պահին Գրիգորյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, և պետք է հաշվի առնել նաև անմեղության կանխավարկածը: «Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք, որպեսզի մեր թշնամիները չկարողանան իրավիճան օգտագործել՝ հանուն իրենց նպատակների»,-նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Այն դիտարկմանը, թե 90-ական թթ. Մանվել Գրիգորյանը թալան է իրականացրել ազատագրված տարածքներում՝ Ռուստամյանը հայտարարել է, որ այժմ տարբեր լուրեր են տարածվում, որոնք փաստերով հաստատված չեն:
Այն հարցին, թե ինչու նման բացահայտումներ չեն եղել նախորդ իշխանությունների կողմից՝ Ռուստամյանը պատասխանել է, որ ՀՅԴ ներկայացուցիչները վաղուց բացահայտ խոսել են նման երևույթների մասին:
«Անձեռնմխելի անձինք անձեռմխելի տարածքներ են ստեղծել, որտեղ ոչ ոք չի կարողացել մուտք գործել: Շատ ուրախ եմ, որ այս առնչությամբ Հայաստանում նոր իրավիճակ է ստեղծվել»,- ասել է Ռուստամյանը: Նա նաև նշել է, որ այս գործընթացը պետք է շարունակություն ունենա, միայն այդ դեպքում այն կհասնի իր նպատակին: