Արմինֆո. ԱԱԾ ներկայացրած փաստերից հետո ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործը կարելի է դիտարկել միայն իրավական հունում:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հավաստիացրել է, որ ցնցված, հիասթափված, վրդովված և զարմացած է այն ամենից, ինչ տեսել է գեներալի տանը խուզարկության վերաբերյալ ԱԱԾ հրապարակած տեսանյութում: «Ինձ համար անսպասելի էր այն, ինչ տեսա: Խոսք չունեմ ասելու, կարծում եմ, որ ոչ մի նորմալ մարդ չի կարող անտարբեր մնալ տեսածի նկատմամբ: Եթե քննությունն ապացուցի Գրիգորյանի մեղքը, նա պետք է պատիժ կրի օրենքի ողջ խստությամբ, նման հարցերում կարևոր չէ ոչ մի ծառայություն, ոչ մի պաշտոն, ոչ մի քաղաքական կողմնորոշում, օրենքի առջև բոլորը հավասար են՚, - հայտարարել է Շարմազանովը, ընդգծելով, թե չի ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը և ողջ առանձնաշնորհը թողնում է քննչական մարմնին, որը այդ հարցում պետք է օգտագործի իր լիազորությունների ողջ ծավալը: Փոխխոսնակն ընդգծել է, որ մեղքը հաստատվելու դեպքում պատասխանատվություն պետք է կրեն նաև այդ հանցագործության հնարավոր բոլոր մասնակիցները` եթե այդպիսիք կան:
Շարմազանովը նաև հաղորդել է, որ իրավիճակը չի քննրակել կուսակիցների, այդ թվում` ՀՀԿ առաջնորդ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչ վերաբերում է Գրիգոյրանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քննության ընթացքում նրան կալանավորելու վերաբերյալ դիրքորոշմանը, Շարմազանովը նշել է, որ անաչառ քննություն կարող է անցկացվել նաև ընթացակարգային այլ գործողությունների դեպքում, օրինակ, չմեկնելու մասին ստորագրությամբ` հաշվի առնելով առողջական խնդիրները: Նա նաև ընդգծել է, որ ՀՀԿ խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել այդ հարցի առնչությամբ: Շարմազանովը նաև նշել է, որ ՀՀԿ խմբակցությունն առաջիկայում հանդես կգա վերջին իրադարձութնյունների վերաբերյալ հայտարարությամբ. չնայած Մանվել Գրիգորյանը կուսակցության անդամ չէ, սակայն խմբակցության կազմում է:
Հավելենք, որ Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից անմիջապես հետո, երբ հայտնի դարձավ, որ նրան վերագրվում է զենք, զինամթերքի ձեռք բերում և պահպանում, ՀՀԿ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում ընդգծում էր, թե ԱԱԾ գործողությունները պետական ապարատի կողմից քաղաքական ենթատեքստով հետապնդման հերթական դրսևորում է, ապօրինի էր որակվում Գրիգորյանի ձերբակալությունը, քանի որ պատգամավորը կարող է բերման ենթարկվել միայն հանցագործության պահին: