Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Ինչպես տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ երկու երկրների կառավարությունների խնդիրն է ոչ միայն ամրապնդել, այլ նաև նորովի զարգացնել դրանք: «Վստահ եմ, որ այդ ցանկությունը երկուստեք է: Մեծ ակնկալիքներով սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին ու պատասխանատվությամբ նախապատրաստվում աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դեսպանը նշել է, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները թույլ են տալիս նորովի վերաբերվել հայ-ֆրանսիական հարաբերություններին: «Ֆրանսիայյում մեծ ուշադրությամբ էին հետևում Հայաստանի իրադարձություններին և այժմ շատերի մոտ կա ցանկություն գալ այստեղ: Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակի զարգանալ, քանի որ Ձեր նախաձեռնած հեղափոխության արժեքները համապատասխանում են այն արժեքներին, որոնք որդեգրում է կազմակերպությունը»,- ասել է դեսպանը: Ժոնաթան Լաքոտն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամ է ընդառաջ գնալ Հայաստանին ու նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ էապես կարևորելով տնտեսական փոխգործակցության զարգացումն ու խորացումը: Դեսպանը շեշտել է, որ Ֆրանսիան այսօր առավել քան երբևէ Հայաստանի կողքին է՝ ՀՀ նոր կառավարության նախաձեռնած բարեփոխումներին աջակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ 2017 թ. արդյունքներով, ըստ ՀՀ վիճակագրության պետական կոմիտեի, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 82.2 մլն դոլար, տարեկան աճը`44.6% -ով: Միևնույն ժամանակ, արտահանումն աճել է 17%, մինչեւ 4.5 մլն դոլար, իսկ ներմուծումը`46.6%, մինչև 77.7 մլն դոլար: