Արմինֆո. 2018 թվականի հունիսի 18-ին Հայաստան կժամանի ԵԽ ինը պատգամավորների պատվիրակությունը, որը կգնահատի Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների ներկա փուլը և բարեփոխումներին ուղղված ջանքերը՝ նոր համաձայնագրին համաձայնության քվեին ընդառաջ:
Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորությամբ (ԵԺԿ, Գերմանիա) Եվրոպական խորհրդարանի ինը պատգամավորների պատվիրակությունը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ նախարարների, ՀՀ ԱԺ պատգամավորների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
Եվրախորհրդարանի ներկայացուցիչները գնահատական կտան Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին, ինչպես նաև կգնահատեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը և հայտարարված բարեփոխումները՝ վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական ցնցումների համատեքստում, որի արդյունքում երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն:
ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները 2018 թվականի մայիսի 16-ին ողջունեցին Հայաստանի քաղաքացիներին՝ վերջերս տեղի ունեցած իշխանափոխության խաղաղ բնույթի կապակցությամբ և ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեցին «Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին», որը կբացի տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ: Եվրախորհրդարանի ամփոփիչ քվեարկությունը տեղի կունենա 2018 թվականի հուլիսին Ստրասբուրգում:
«Այս պահը հատկանշական է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման տեսանկյունից: Հայաստանի քաղաքացիները բարձր ակնկալիքներ ունեն: Նրանք ցանկանում են ականատես լինել առանցքային բարեփոխումների իրականացմանը: Եվրախորհրդարանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ քաղաքացիների ձգտմանը, այդ պատճառով էլ մենք պատրաստվում ենք հանդիպել Հայաստանի ղեկավարության եւ քաղաքացիական հասարակության հետ` նախքան ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի վերաբերյալ ամփոփիչ քվեարկությունը»,- այցի նախօրեին նշել է պարոն Մքալիսթերը: