Արմինֆո.Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնատար անձը չէ, ով կհարցաքննվի ՀՀ ՊՆ-ում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում: Այդ մասին հունիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
ՊԵԿ ղեկավարի խոսքով, քրեական գործ է հարուցված կոնկրետ ընկերության հետ կապված, որի հետ առնչվում են բարձրաստիճան անձինք: Եվ քանի որ այդ ընկերության գործունեությունը համընկել է Սեյրան Օհանյանի պաշտովարման ժամանակաշրջանին, նա նույնպես հրավիրվել է հարցաքննության: «Դա քրեական գործի հետաքննության շրջանակներում սովորական ընթացակարգային գործողություն է: Ի դեպ, նա միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ հարցաքննվելու է»,- ասել է ՊԵԿ նախագահը: Ըստ որում, Անանյանը ձեռնպահ է մնացել պատասխանելուց հարցին, թե Օհանյանը հարցաքննության է կանչվել՝ որպես գործով վկա, թե՞ մեղադրյալ: «Ընթանում է հետաքննություն, և այդ առնչությամբ որևէ տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չէ և հակասում է օրենսդրությանը»,- նշել է նա:
Ինչ վերաբերում էտեղեկատվությանը, որ ՊՆ նախկին ղեկավարը ծանուցագիր չի ստացել, ՊԵԿ ղեկավարը հայտնել է, որ ծանուցագիրն ուղարկվել է հունիսի 12-ին: Հունիսի 13-ին Օհանյանը հայտարարել է, որ ծանուցագիր չի ստացել: Այդ երկու տեղեկություններն էլ, ինչպես նշել է նա, կարող են համապատասխանել իրականությանը, քանի որ Սեյրան Օհանյանը կարող էր հունիսի 13-ին չստանալ ծանուցագիրը, որը նրան ուղարկվել էր հունիսի 12-ին: Այնուամենայնիվ, հարցաքննությունը տեղի կունենա առաջիկա օրերի ընթացքում: Հունիսի 13-ին ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ինչպես հայտնել էր ՊԵԿ մամուլի ծառայությունը, նրանք հարցաքննության են կանչվել ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում: