Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է համարել Մոսկվա իր այցը: «Հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական մամուլում, և ոչ միայն»,- հունիսի 15-ին կառավարության նիստում հայտարարել է նա:
«Կարող ենք արձանագրել, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան և անհրաժեշտ է աշխատել, որպեսզի այն տնտեսական ներուժը, որ ունենք, լիարժեք իրացվի: Իհարկե, այցի արդյունքներով մենք բազմաթիվ նախարարների հետ զրույցներ կունենանք և կլինեն կոնկրետ հանձնարարականներ: Այս պահին ուզում եմ արձանագրել, որ կառավարությունը և առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի կարողանանք մրգի և բանջարեղենի արտահանման ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործել, որովհետև Ռուսաստանի շուկան դրա կարիքն ունի: Նաև Ռուսաստանում հույս ունեն, որ մենք լիարժեք մատակարարումները կկարողանանք իրականացնել: Ակնկալում եմ, որ որոշ կառուցվածքային փոփոխությունները, որոնք կապված են օրենսդրության հետ, որևէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա այս գործընթացի վրա»,- ասել է վարչապետը