Արմինֆո.Հայաստանում այժմ կոռուպցիա չկա: Այդ մասին RT-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է հաջողվել անել վարչապետի պաշտոնում գտնվելու ընթացքում հակակոռուպցիոն քաղաքականության հարցում:
Հստակեցմանը, թե նման կարճ ժամանակու՞մ՝ Փաշինյանը, մասնավորապես, ասել է. «Այո, այդքան կարճ ժամանակում: Ես կարող եմ դա ասել, քանի որ այսօր ընդհանրապես Հայաստանում հակակոռուպցիոն մթնոլորտ է: Իհարկե, կարող են լինել առանձին երևույթներ՝ կոռուպցիոն անցյալի կոռուպցիոն մնացորդներ: Ցավոք, դա ապագայի երաշխիք չէ, բայց, կարծում եմ, որ այդ մթնոլորտը, այդ գործընթացը մեզ թույլ կտա երաշխավորել այս իրավիճակի շարունակությունը»:
ՀՀ վարչապետը նաև հավաստիացրել է, որ ամենակարևոր գործոնը երկրում փոփոխությունների ապահովման համար մարդկանց մտածողության փոփոխությունն է: Նրա խոսքով, դա շատ կարևոր գործոն է, որը թույլ է տվել հեղափոխություն անել առանց մեծ բախումների, առանց մի կաթիլ արյան: Փաշինյանը նաև համոզմունք է հայտնել, որ հայկական հեղափոխության գլխավոր արդյունքը ոչ թե իշխանության փոփոխությունն է, այլ՝ մտածողության փոփոխությունը, ինչը կախված չէ կառավարությունից:
Այն հարցին, թե ինչպես են դասավորվում նրա հարաբերությունները Հանրապետական կուսակցության, Սերժ Սարգսյանի հետ՝ Փաշինյանը նշել է, որ
Սարգսյանի հետ ապրում է հարևանությամբ, բայց փաստացի ոչ մի հարաբերություն չկա: «Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա այդ կուսակցությունը դադարել է լինել մեծամասնություն մեր խորհրդարանում, և այն նորմալ ընդդիմություն է»,- ասել է վարչապետը:
ՀՀ կառավարության ղեկավարը բացառել է նաև ՀՀԿ վերադարձը վաղաժամկետ ընտրություններում. «Դա ռեալ չէ: Նրանք երբևէ չեն վերադառնա: Կարող են լինել այլ կուսակցություններ, այլ ուժեր, որոնք կարող են հաղթել ընտրություններում, բայց նրանք (հանրապետականները) այլևս երբեք հետ չեն գա, դա հաստատ: Եվ, դա, իհարկե կախված չէ ինձնից, քանի որ ժողովուրդը նրանց արդեն երբեք դա չի ների, ես կարող եմ երաշխավորել: Համենայն դեպս, ես այդպես եմ զգում և վստահ եմ դրանում»: