Արմինֆո. Հայաստանն ակնկալում է ավելի էժան գազ ստանալ Ռուսաստանից: Այդ մասին RT-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այն դիտարկմանը, թե արդյոք գազի գինը Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդրահարույց հարցերից մեկն է, քանի որ հայ սպառողը չի զգում գնի էժանությունը՝ Հայաստանի վարչապետը, մասնավորապես, ասել է. «Այո, բայց քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ դա ներհայկական խնդիր է, քանի որ սահմանին Հայաստանն էժան գազ է ստանում Ռուսաստանից: Սակայն սահմանից մինչև սպառողին հասնելը գազի գինը կրկնապատկվում է: Այս խնդիրը մենք պետք է քննարկենք և հասկանանք Հայաստանի ներսում: Դա Ռուսաստանի հետ մեր հարաբերուրթյուններին չի վերաբերում»:
Այն հարցին, թե արդյոք դրանից հետևում է, որ գազի գնի վերանայում չի լինի՝ Փաշինյանն ասել է, որ, իհարկե, Հայաստանը հուսով է ավելի էժան գազ ստանալ: «Կքննարկենք այդ հարցերը, և հուսով եմ, որ մենք կունենանք հաջողություն»,- ասել է նա: