Արմինֆո.Երևանի քաղաքապետարանում ԱԱԾ գործողությունները ՀՀԿ-ն դիտարկում է առնվազն ձևի առումով ոչ համաչափ: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա ասելով, ԱԱԾ-ն կարող էր, պարզապես, համապատասխան պաշտոնյաներին հրավիրել քննչական միջոցառումների, և նրանք կներկայանային: Նրա կարծիքով, առգրավմամբ նման ցուցադրական գործողությունների անցկացումը բոլորովին անտեղի է: «Այդ ամենը հիշեցնում է 37 թիվը: Մենք մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ», - ընդգծել է նա, հավաստիացնելով, որ ՀՀԿ-ն բացառապես օրինականության կողմնակից է և ուշի-ուշով հետևելու է իրադարձությունների զարգացմանը:
Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ-ն ստուգումներ է անցկացրել քաղաքապետարանում «Երևան՚ հիմնադրամի աշխատանքի առնչությամբ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Ստուգումների արդյունքում ձերբակալվել են հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը: