Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել իր աշխատանքային այցը Ռուսաստան:
Ամփոփելով այցի արդյունքները` Փաշինյանն իր տեսաուղերձում ընդգծել է. «Այցը շատ արդյունավետ էր: Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար ոչ մի խոչընդոտ չկա: Մնում է միայն իրացնել եղած ներուժը: Կարծում եմ, որ առաջիկայում կարող ենք ավելացնել հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանումը Ռուսաստան, քանի որ ՌԴ-ում արդեն դրան սպասում են: Սակայն մենք պետք է պահպանենք ֆիտոսանիտարական նորմատիվները: Ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերություններում տիրում է դրական մթնոլորտ, աառկա է վստահհության բարձր մակարդակ, որը ոչ միայն կպահպանվի, այլ ավելի կբարձրանա: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը և մեծ ուշադրությամբ կվերաբերվենք այդ հարաբերություններին, մեծ ուշադրությամբ կվերաբերվենք նաեւ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Վրաստանի, Իրանի եւ մեր մյուս գործընկերների ու կազմակերպությունների հետ հարաբերություններին»:
Անդրադառնալով Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպմանը` Փաշինյանն ընդգծել է, որ Ռուսաստանի հայերը ոգևորությամբ են ընդունել Հայաստանում ընթացող փոփոխությունները: «Սակայն, մենք պետք է կարողանանք այդ դրական էներգետիկան ուղղել գործնական հուն և հասնել այն բանին, որպեսզի Սփյուռքի հայերը վերադառնան հայրենիք՚, - ամփոփել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: