Արմինֆո. Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ երկրում չկա ֆունկցիոնալ ընդդիմություն, իսկ քաղաքացիական հասարակությունը ներգրավված է իշխանության համակարգում: Հունիսի 14-ին Երևանում անցկացվող «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում՚ խորհրդաժողովի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան՚ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ես, որպես իշխանամետ ուժի ներկայացուցիչ, քաղաքացիական հասարակության գործընկերներիս կոչ եմ անում իրենց առաքելությունն իրակնացնել և չներքաշվել իշխանական համակարգի մեջ: Միայն այդ դեպքում կարող ենք ստեղծել պետություն, որը հիմնված լինի օրենքի գերակայության վրա, քանի որ քաղաքացիական հասարակությունը այս բոլոր գործընթացները վերահսկող օղակն է՚, - հայտարարել է Մարուքյանը:
Պատգամավորի կարծիքով, հենց քաղաքացիական հասարակությունն է բոլորի համար սթափեցնող գործոն, հատկապես, հետհեղափոխական բարեփոխումների իրագործման գործընթացում, քանի որ հեղափոխությունից հետո շատ կարևոր է քննադատության տեղ թողնելը: Իսկ ՀՀԿ քննադատությունը` որպես ընդդիմության, կարող է օբյեկտիվ չընկալվել այդ կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքի հհետևանքով: «Հայաստանում սպասվում են ընտրույթուններ, որոնց ընթացքում քաղաքացիական հասարակությունը պետք է պաշտպանի այն արժեքները, որոնց համար մենք պայքարում էինք՚, - ամփոփել է պատգամավորը: