Արմինֆո.ԵՄ կարևոր նպատակն է օգնել գործընկերներին՝ պատրաստ լինել հնարավոր ալեկոծություններին և անկանխատեսելի գործընթացներին: Այդ մասին հունիսի 14-ին «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» գիտաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«Կարծում եմ, որ ալեկոծությունները մեր առօրյայի մասն են դարձել, մենք ձգտում ենք կանխատեսելիության, կայունության, ուզում ենք իմանալ, թե ինչ ապագա է մեզ սպասում: Բայց վերջին ժամանակներս տարածաշրջանում և Հայաստանում բուռն գործընթացներ են տեղի ունենում: Հուզումները երբեմն ունենում են բացասական հետևանքներ, իսկ երբեմն կարող են դրական գործընթացների հանգեցնել»,- ասել է եվրոպացի դիվանագետը:
Սվիտալսկիի խոսքով, ԵՄ-ն ցանկանում է օգնել գործընկերներին՝ ունենալու ճկուն տնտեսություններ, պետություններ, հասարակություններ: «Մենք գիտենք, որ չենք կարող պատրաստի բաղադրատոմս կամ լուծում առաջարկել մեր հարևաններին, այդ պատճառով մեզ անհրաժեշտ են ճկուն և ամուր կառույցներ: Կարող եմ միայն հուսալ, որ այդ գործընթացներն ավելի շուտ դրական կլինեն, քան բացասական, բայց մենք պետք է պատրաստ լինենք»,- ասել է դեսպանը և ևս մեկ անգամ ընդգծել, որ ԵՄ կարևոր նպատակն է օգնել գործընկերներին՝ պատրաստ լինել հնարավոր ալեկոծություններին և անկանխատեսելի գործընթացներին:
Միաժամանակ եվրոպացի դիվանագետը նշել է, որ ԵՄ ԱլԳ քաղաքականությունը տարածաշրջանում ներգրավվածության քաղաքականության հաջող օրինակներից մեկն է, սակայն դա էքսպանսիայի քաղաքականության մաս չէ. դա անհրաժեշտություն է Եվրամիության համար, որպեսզի այդ երկրներն ավելի ներգրավված լինեն: Նրա խոսքով, վերջին տասը տարվա վիճակագրական ցուցանիշները վկայում են բոլոր ուղղություններով ԵՄ ներգրավվածության աճի մասին»,- ասել է դեսպանը՝ համոզմունք հայտնելով, որ ԱլԳ 20 նպատակները պետք է մեկնակետ հանդիսանան երկկողմ համագործակցության օրակարգում:
Նա վստահություն է հայտնել, որ այդ նպատակների որոշ տարրեր կարող են կարևոր նշանակություն ունենալ նաև Հայաստանի համար: Սվիտալսկին կոչ է արել Հայաստանին ԱլԳ 20 նպատակները դիտարկել՝ որպես ԵՄ հետ երկկողմ օրակարգի օգտակար գործոն: