Արմինֆո. Հայաստանն ակնկալում է, որ մոտ ժամանակներս կմեկնարկի վիզային ռեժիմի ազատականացման առնչությամբ բանակցությունների երկրորդ փուլի շուրջ ԵՄ հետ խորը և բովանդակային երկխոսությունը: Այդ մասին հունիսի 14-ին «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» գիտաժողովի ժամանակ ասել է «Ծառուկյան» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա փաստել է, որ դեռ 2013-14 թթ. Հայաստանը վավերացրել է ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, սակայն մինչ այժմ բանակցությունների երկրորդ փուլը չի սկսվել: «Եվ մենք ակնկալում ենք, որ երկրորդ փուլը շուտով կսկսվի, քանի որ դա կարևոր նշանակություն ունի մեզ համար, այդ թվում՝ մեր փոխգործակցության խորացման և մարդկանց միջև շփումների խթանման տեսակետից, քանի որ այն նվաստացումները, որոնցով հաճախ անցնում են մեր քաղաքացիները ԵՄ երկրներ վիզաներ ստանալու համար փաստաթղթեր ձևակերպելիս, անընդունելի են և չեն համապատասխանում մեր հարաբերությունների ոգուն»,- ասել է Զոհրաբյանը:
Նշենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրվեց Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Համաձայնագիրն արագացրել է վիզաների տրամադրման գործընթացը ԵՄ երկրների հյուպատոսական կառույցներում, որոնք գտնվում են Երևանում: Մուտքի վիզայի գինը համաձայնագրի ստորագրումից հետո իջավ մինչև երեսունհինգ եվրո, նախկին` վաթսուն եվրոյի փոխարեն: Դյուրացվեց նաև մուլտիվիզաների տրամադրամն գործընթացը, որը նախկինում բարդ էր և երկարատև: Իսկ դիվանագիտական անձնագրերով ՀՀ քաղաքացիներն, ընդհանրապես, ազատվել են մուտքի վիզաների ստացման անհրաժեշտությունից: Վիզաների դյուրացման սխեման անդրադարձավ նաև ԵՄ երկրներում ՀՀ քաղաքացիների մնալու տևողության վրա: Այժմ այդ ժամկետը կազմում է իննսուն օր յուրաքանչյուր հարյուր ութսուն օր ժամանակահատվածի համար: Միաժամանակ ստորագրվել է նաև ռեադմիսիայի մասին հաաձայնագիր:
Դրանից հետո Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են ազատականացման գործընթացի երկրորդ փուլի շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը, սակայն այս կամ այն պատճառով այն մշտապես հետաձգվում է: