Արմինֆո. «Երևան» հիմնադրամի կողմից չարաշահումների մասին ահազանգերի ու նախաքննության շրջանակներում ձերբակալվել են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կարապետյանը և «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյան: Այդ մասին հայտնում են մի շարք լրատվամիջոցներ:
Տեղեկատվության համաձայն՝ ձերբակալություններն իրականացվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: ԱԱԾ մամուլի կենտրոնում տեղեկատվությունը ճշտելու ԱրմԻնֆո-ի փորձերը հաջողությամբ չեն պսակվել:
Մինչդեռ նախօրեին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներե) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախությունե) հատկանիշներով: Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևանե հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ: