Արմինֆո. Նույնիսկ այն դեպքում, եթե պարտադիր կուտակային համակարգի մեկ տոկոսը պահպանվի, ՀՅԴ ներկայացուցիչները կհամարեն, որ այդ հարցը պետք է լուծվի, հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով կուսակցության դիրքորոշումը կուտակային կենսաթոշակային համակարգի առնչությամբ:
«Պարտադիր բաղադրիչը պետք է հանվի այդ համակարգից: Այսօր մենք նպատակ ենք դնում լուծել այդ հարցը՝ արդարության և սահմանադրության շրջանակներում»,- նշել է պատգամավորը:
Արմեն Ռուստամյանը հայտարարել է նաև, որ համակարգում պարտադիր բաղադրիչի մեղմացման վերաբերյալ կառավարության որոշումը միջանկյալ քայլ է: «Մենք այդ գործընթացի կողմնակից չենք: Մենք կպայքարենք և կհասնենք կուտակային կենսաթոշակային համակարգից պարտադիր բաղադրիչի հանմանը»,- եզրափակել է Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին կառավարության արտահերթ նիստում վիճաբանություն էր ծագել վարչապետի և նախարար Արծվիկ Մինասյանի միջև, որը դեմ էր արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Դրան ի պատասխան` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես թույլ չեմ տա իմ գլխավորած կառավարությունան նախարարներից մեկին, ելնելով որոշակի նկատառումներից, փորձել երևալ ավելի սկզբունքային, քան կառավարության մյուս անդամները: Նա ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է՚: Համանման պատասխան էր հնչել նաև վերը նշված համակարգին դեմ արտահայտված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի առարկությանը: Վարչապետի հայտարարություններից հետո քվեարկության արդյունքում կառավարությունը հավանություն է տվել փաստաթղթին, և հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ կմտնի: Նոր կարգի համաձայն, քաղաքացիների աշխատավարձերից հատուկ հիմնադրամի հաշվին կփոխանցվի 2,5 տոկոս, իսկ 7,5 տոկոսը կփոխանցի պետությունը: Նախկինում այդ հարաբերակցությունը կազմում էր 5 տոկոս` 5 տոկոսի դիմաց: