Արմինֆո. «Ծառուկյան» դաշինքը դեմ է դուրս եկել նոր կառավարությանը: Ծառուկյանների դժգոհության պատճառը բարեգործության մասին օրինագիծն է, որը պետք է քննարկվի հունիսի 19-ի արտահերթ նիստում:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը խորհրդարանի ամբիոնից իր զայրույթն է արտահայտել վարչապետին Նիկոլ Փաշինյանին, ով «համարձակվել» է օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել, առանց խորհրդակցելու Գագիկ Ծառուկյանի հետ, ով, ըստ Մելքումյանի, Հայաստանում իրականացնում է բարեգործության 95%-ը: «Այն ամենը, ինչ պետք է աներ պետությունը, անում է Ծառուկյանը, իսկ դուք նրա հետ նույնիսկ չեք խորհրդակցել այս առիթով: Ես շատ եմ մտահոգված այս փաստի առիթով», - ասել է Մելքումյանը:
Նա նաև նշել է, որ նման իրավիճակ է ստեղծվել նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցում, ինչի մասին որոշումը Փաշինյանի կառավարությունն ընդունել է միանձնյա, առանց խորհրդակցելու մյուս ուժերի հետ: Մելքումյանը նաև դժգոհություն է հայտնել երկրի խոշոր ձեռնարկություններում ստուգումների արագության նվազման կապակցությամբ:
«Գիտեք, որ մենք շատ նկատողություններ ունեինք կառավարության ծրագրի վերաբերյալ, բայց չենք հնչեցրել, ելնելով գործընկերության տրամաբանությունից, և նույնն ենք ակնկալում նաև ձեզանից, հակառակ դեպքում կստացվի, որ մեզ չեն բավարարում նոր Հայաստանի կայացման տեմպերը, և, ընդհանրապես, մեր դիրքորոշումը նոր պետության կառուցման առումով կարող է տարբերվել», - ասել է փոխխոսնակը:
Իր հերթին, «Ծառուկյան» բլոկի պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն ասել է, որ այդ օրինագիծը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին որոշումն էր Գագիկ Ծառուկյանի դեմ:
Իսկ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պարզաբանել է, որոնք են իրենց մտահոգության պատճառները փաստաթղթում: «Հասկանալի չէ, թե ով, ինչու, և ինչպես պետք է միայնակ և սուբյեկտիվորեն որոշի, թե ինչն է ընկնում «նարեգործություն» հասկացության տակ, և ինչը ոչ»: Նա վրդովմունք է հայտնել այն բանի համար, որ նախորդ իշխանությունների կողմից Ծառուկյանի դեմ «ճնշումների» քաղաքականությունը փորձում են շարունակել ներկայիս իշխանությունները: «Եթե օրինագիծը չվերանայվի, մենք Ծառուկյանին կոչ կանենք հուլիսի 1-ից դադարեցնել բարեգործական գործունեությունը, և բոլոր նրանց, ովքեր մեզ կդիմեն օգնության հարցով, կուղարկենք կառավարություն, դրանից բխող բոլոր հետևանքներով», - ասել է Զոհրաբյանը: