Արմինֆո. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 12-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, ողջունելով լեհ խորհրդարանականներին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հայ-լեհական հարաբերություններն ավանդաբար բարձր մակարդակի վրա են և համագործակցությունը դարերի պատմություն ունի: Անդրադառնալով երկու ժողովուրդների ընդհանրություններին՝ Արմեն Աշոտյանը համոզմունք է հայտնել, որ հայերը լեհ ժողովրդի նկատմամբ ամենաջերմ զգացումներն ունեն:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում բարձրացել է հանձնաժողովի դերակատարությունը խորհրդարանական դիվանագիտության հետ կապված: Նա առանձնակի կարևորել է ՀՀ Ազգային ժողովի և Լեհաստանի Սենատի համանման հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացումը:
Անդրադառնալով անվտանգության ապահովման խնդիրներին՝ բանախոսը նշել է, որ ի տարբերություն Եվրոպայի, որը բազմաթիվ պատերազմներ է տեսել, միլիոնավոր մարդկանց կյանքի գնով այսօր համերաշխության ու խաղաղության մթնոլորտ է ձևավորել, հայերը, նույնպես թանկ վճարելով տարածաշրջանում ազատ ու անկախ ապրելու գինը, դեռևս չեն հասել այդ կայուն ու խաղաղ վերջնանպատակին: Ըստ բանախոսի՝ Հայաստանի անվտանգության ապահովումը վեր է ներքաղաքական զարգացումներից: Նա հույս է հայտնել, որ լեհական կողմը միջխորհրդարանական հարթակներում լավագույնս կներկայացնի հայ ժողովրդի շահերը:
Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցության զարգացումն ու խորացումը ԵՄ անդամ երկրների, այդ թվում Լեհաստանի հետ: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին ու դրա իրականացման կարևորությանը: Այս հարցում հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ բարեփոխումների իրականացման գործընթացում տարբեր ոլորտներում լեհական հաջողված փորձը գրավիչ կլինի Հայաստանի համար:
Թադեուժ Վոժնիակն ընդգծել է, որ Լեհաստանը բարեկամ երկիր է և պատրաստ է բոլոր նախաձեռնությունների իրականացման, այդ թվում ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման հարցում լինել Հայաստանի կողքին: Խորհրդարանականն անհրաժեշտ է համարել թե արտաքին և թե ներքին անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը: Նա հավաստիացրել է, որ իր երկիրը միջազգային տարբեր հարթակներում, ինչպես նաև ԵՄ անդամ առանձին երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում պատրաստ է աջակցել Հայաստանին: