Արմինֆո. «Ելք՚ դաշինքում քննարկումներ են ընթանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի առնչությամբ: Հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Ելք՚ խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն՚ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Նրա ասելով, այժմ քննարկվում են բոլոր տարբերակները` թե դաշինքի կուսակցությունների առանձին մասնակցության, թե համախմբված մասնակցության հնարավորությունը: «Հնարավոր է, նույնիսկ, որ դաշինքի հիման վրա ստեղծվի նոր կուսակցություն՚, - նշել է պատգամավորը:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ հակված են առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանի որ ՔՊ մեծ ժողովրդականություն է վայելում, և կարիք չունի որպես բալաստ քաշել «Ելք՚ դաշինքի մյուս երկու կուսակցություններին:
Հավելենք, որ ըստ կառավարության ծրագրի, Հայաստանում վաղաժամկետ խորհրդարանակն ընտրություններ պետք է անցկացվեն մինչև 2019 թվականի հունիս ամիսը: