Արմինֆո. Արցախի նախագահ Բակո Սահակյանը նախօրեին մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրվել 2020 թ. պետության ղեկավարի ընտրություններում:
Նա ընդգծել է, որ իր մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ: Ըստ որում, Սահակյանը հավաստիացրել է, որ սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է մեր արժեհամակարգից, ժողովրդավարական եւ քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից: «Եվ քանի որ տեղի են ունենալու նախագահի և Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես՝ որպես գործող նախագահ, օրենքով սահմանված իմ լիազորությունների շրջանակում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի և նախագահի, և խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ»,- ամփոփել է Սահակյանը:
Հատկանշական է, որ Սահակյանը նման հայտարարությամբ հանդես է եկել նախագահական ընտրություններից շատ առաջ: Հնարավոր է, դա կապված է Արցախում վերջին ներքաղաքական հուզումների հետ, որոնք, արցախցի փորձագետների կարծիքով, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների անդրադարձն էին:
Արցախի կառավարությունում ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, չնայած այն բանին, որ Ստեփանակերտում վերջին բողոքի ակցիաների մասնակիցները հիմնականում սոցիալական պահանջներ են առաջ քաշել, այնուամենայիվ, ավելի խորը վերլուծությունը ցույց տվեց, որ Հայաստանի իրադարձություննրով ոգևորված ժողովուրդը սպասում էր նաև քաղաքական և կադրային փոփոխություններ: Դրանով էր պայմանավորված Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև ոստիկանապետի և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը:
Եթե ուժայինների հրաժարականները սպասելի էին և տեղի ունեցան ժողովրդի պահանջով, Հարությունյանի հեռանալը պաշտոնից որոշ իմաստով անակնկալ էր, քանի որ նման հարց բողոքի ակցիայի մասնակիցների օրակարգում չկար:
Սակայն, ինչպես նշում են արցախցի վերլուծաբանները, զբաղեցրած պաշտոնից Արայիկ Հարությունյանի հեռանալն առաջին քայլն էր Բակո Սահակյանի կողմից իշխանության ղեկը նրան հանձնելու ճանապարհին:
ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, ներկայումս Հարությունյանը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով ընտրվել խորհրդարանում, որտեղ իր գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունը կայուն մեծամասնություն ունի: Հնարավոր է, որ ընտրվելուց հետո Հարությունյանը, հաշվի առնելով խորհրդարանական մեծամասնություն ունենալու փաստը, գլխավորի Արցախի խորհրդարանը՝ քաղաքական հենք ստեղծելով նախագահական ընտրարշավի մեկնարկի համար: