Արմինֆո.Փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է ՌՈՒՍԱԼ ընկերության կազմի մեջ, ամեն տարի ընդունում է երևանյան բուհերի ավելի քան 100 ուսանողների ճանաչողական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի:
Առավել սերտ կապեր գործարանը հաստատել է Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ, որի հետ դեռ 2002 թ. ստորագրվել է համագործակցության պայմանագիր: Այս ուսումնական հաստատությունը համարվում է ԱՐՄԵՆԱԼ-ի կադրերի հիմնական դարբնոցը: «Մեր կոլեկտիվի մոտ քառորդ մասը և թոփ-մենեջերների կեսը Պոլիտեխնիկի շրջանավարտներ են, - տեղեկացրել է գործարանի աշխատակազմի վերապատրաստման և զարգացման բաժնի պետ Սամվել Հակոբյանը: - ԱՐՄԵՆԱԼ-ը կարիք ունի երիտասարդ տեխնիկական կադրերի, առաջին հերթին էներգետիկների, մեխանիկների և հիդրավլիկների: Այս հարցը անպայման կներառվի բուհի հետ նոր պայմանագրի մեջ, որի մշակման աշխատանքները ներկայումս ընթանում են»:
ԱՐՄԵՆԱԼ-ի հետ եռանդուն համագործակցող այլ բուհերի թվում Ս. Հակոբյանը նշել է Հայաստանի Ամերիկյան, Ռուս-Հայկական, Պետական տնտեսագիտական և Պետական մանկավարժական համալսարանները:
Պրակտիկայի ընթացքում փորձառու մասնագետների ղեկավարությամբ ուսանողները ծանոթանում են փայլաթիթեղագլանման արտադրության տարբեր փուլերին և տեխնոլոգիային: Հայաստանի Ամերիկյան համալսարանի ավագ կուրսերի ուսանողները մշակում են ճարտարագիտական լուծումներ, որոնք կարող են օգտակար լինել գործարանին: