Արմինֆո.«Բելառուսը, լինելով մեզ բարեկամ երկիր, մեզ հետ ներգրավված լինելով մի շարք բազմակողմ ֆորմատներում և ունենալով դաշնակցային պարտավորություններ, այս ամենը հաշվի առնելով՝ մեզ համար շատ ցավալի է, որ Բելառուսը զինատեսակներ է վաճառում մեզ հետ կոնֆլիկտ ունեցող պետությանը»,- «Ազատությանը» հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Մինսկի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համակարգերի վաճառքին:
Ըստ որում, նա ընդգծել է, որ Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում այս հարցերը համապատասխան կերպով կբարձրացնի: «Կարծում եմ, որ սա այնքան էլ տրամաբանական չէ, հաշվի առնելով Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող բարեկամական և դաշնակցային հարաբերությունները»,- ասել է փոխարտգործնախարարը:
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, հեռահար այդ կայաններն արդեն հասել են Ադրբեջան և այսօր արդեն ցուցադրվել են նախագահ Իլհամ Ալիևին: Ըստ Բաքվի, դրանք կարող են հարվածներ հասցնել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա և խոցել հակառակորդի թիրախները 80 կմ շառավղով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ խիստ քննադատության էր ենթարկում Բաքվի հետ Մինսկի զենքային գործարքները՝ աննպատակահարմար համարելով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Բելառուսի և Ղազախստանի հետ միասին, որոնք աջակցում են Ադրբեջանին:
Սակայն, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը՝ Փաշինյանն արմատապես փոխեց իր դիրքորոշումը՝ հայտարարելով այդ կառույցներին Հայաստանի անդամակցությունը շարունակելու նպատակահարմարության մասին: Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Սոչիում կայացած հանդիպման արդյունքում Փաշինյանը հայտարարեց, որ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանին զենքի մատակարարումների հարցը՝ գոհունակություն հայտնելով զրույցի արդյունքներից: