Արմինֆո.Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության ընթացքը, իրականացվող համատեղ ծրագրերը: Դավիթ Տոնոյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացվող զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը, որի նպատակն է զինծառայողների իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման, իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացումը:
Նատալիա Վուտովան իր հերթին արժևորել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության բարձր մակարդակը և վերահաստատել համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու ԵԽ երևանյան գրասենյակի հանձնառությունը: