Արմինֆո. Երևանում անցկացվել է դիվանագետների հեծանվամրցաշար` նվիրված հունիսի 3-ին նշվող Հեծանվի համաշխարհային օրվան: Երևանի հեծանվահրապարակում անցկացված հեծանվավազքը նախաձեռնել էր Հայաստանում Թուրքմենստանի դեսպանությունը` ՀՀ հեծանվային սպորտի ֆեդերացիայի աջակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամեդնիազ Մաշալովը, ապրիլին ՄԱԿ գլխավոր ասամբլեան Թուրքմենստանի նախաձեռնությամբ հունիսի 3-ը հռչակել է Հեծանվի համաշխարհային օր: «Ելնելով դրանից` Թուրքմենստանում և երկրի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում անցկացվել են լայնածավալ մարզական միջոցառումներ: Եվ մենք որոշեցինք հետ չմնալ ու հեծանվավազք կազմակերպել Երևանում: Սպորտը կարևոր դեր է խաղում Թուրքմենստանի կյանքում: Մեզ համար մեծ պատիվ է դիվանագիտական հեծանվավազքի անցկացումը Երևանում՚, - ասել է դեսպանը:
Ընդ որում, դիվանագետն ընդգծել է, որ բոլոր օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ուղարկվել էին հեծանվավազքին մասնակցության հրավերներ, և դիվանագետների 50 տոկոսն արձագանքել է: Մաշալովն ընդգծել է, որ սպորտի սիրահար է և կանոնավոր զբաղվում է ֆուտբոլով` չնայած բավականին հագեցած աշխատանքային գրաֆիկին:
Երևանի հեծանվավազքին մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություների ղեկավարները, ՀՀ սպորտի և երիտասարդության գործերի նախարարության աշխատակիցներ, Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի անդամներ, մարզիկներ և մարզիչներ: Դեսպանության անունից բոլոր մասնակիցներին հանձնվել են թուրքմենական հուշանվերներ, իսկ մրցաշարի հաղթողներին` արժեքավոր մրցանակներ:
Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, ով հաղթել է դիվանագիտական հեծանվավազքը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հաղթել են սպորտը,բարեկամությունը, և, ամենագլխավորը, հաղթել է նման միջոցառումներ անցկացնելու նախաձեռնությունը: «Միջոցառման հիանալի կազմակերպում, զգացվում է հայկական կողմի կազմակերպչական փորձը: Հեծանվահրապարակը շատ հարմարավետ է, անվտանգ: Հատկապես հաճելի է, որ միջոցառման կազմակերպիչները նախատեսել էին ամեն ինչ, նույնիսկ, անվտանգության համակարգ և շտապ օգնություն: Ամեն ինչ անցավ բարձր մակարդակով՚, - ասել է դիվանագետը: Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ հայկական կողմը անպայման կվերցնի նախաձեռնությունը ՄԱԿ հովանու ներքո, և այն կկրի ամենամյա բնույթ:
Հունիսի 3-ը Հեծանվի համաշխարհային օր հռչակելու վերաբերյալ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի բանաձևը վկայում է, որ համաշխարհային հանրությունը պաշտպանում է զանգվածային առողջարար շարժման զարգացմանը, հեծանիվ վարելու մշակույթի զարգացմանը, սպորտի և էկոլոգիայի ոլորտում համագործակցության զարգացմանը նպատակաուղղվա Թուրքմենստանի ջանքերը: