Արմինֆո.«Բալետը ես մեծ արվեստ եմ համարում: Նրանում կարելի է արտահայտել մարդու կյանքի ողջ բազմազանությունը, նրա հոգեկան ապրումների հարստությունը»:
Արամ Խաչատրյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացնում է ԲԱԼԵՏԻ ՓԱՌԱՏՈՆ՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին։
Հունիսի 8-ին, 11-ին և 13-ին կներկայացվեն խաչատրյանական «Սպարտակ», «Գայանե» և «Դիմակահանդես» բալետները։
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կնշանավորվի խաչատրյանական երեք բալետներին նվիրված ցուցահանդեսով, որը տեղի կունենա Թատրոնի ճեմասրահում: Նախատեսված է նաև Ա. Խաչատրյանի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրություն:
Փառատոնային երեք օրերի համար էլ նախատեսված են հոբելյանական միջոցառումներ:
Միասին նշանավորենք Արամ Խաչատրյանի հոբելյանը բալետային շքեղ իրադարձությամբ։
Փառատոնի նախաձեռնող և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժին
05. հունիս 2018 թ.
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԳԱՅԱՆԵ
Խաչատրյանական «Գայանեի» պարտիտուրի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1939 թվականին գրված «Երջանկություն» բալետից: «Գայանե» բալետի ստեղծման մասին կոմպոզիտոր Ա. Խաչատրյանն ասել է. «Ռազմաճակատին զենք, հաց, մախորկա էր անհրաժեշտ, իսկ հոգևոր սննդի՝ արվեստի կարիք ուներ և՛ ճակատը, և՛ թիկունքը: Մենք՝ արտիստներս ու երաժիշտներս, հասկանում էինք այդ ամենը ու մեր ուժերը ներդնում դրանում: Մոտ 700 էջից բաղկացած «Գայանեի» պարտիտուրը գրեցի կես տարվա ընթացքում, հյուրանոցային սառն ու փոքր սենյակում, որտեղ դաշնամուր, աթոռակ, սեղան ու մահճակալ կար»:
ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆ ՍՊԱՐՏԱԿԸ
«Ձեռնամուխ եմ լինում ստեղծագործական մեծ հուզմունքի Զգացումով», - 1950 թվականի հուլիսի 9-ին այդպես է գրել Ա. Խաչատրյանը «Սպարտակ» բալետի պարտիտուրի առաջին էջին:
Վերջին էջում կարդում ենք. «Երեք ու կես տարի տևեց «Սպարտակի» վրա աշխատանքը: Գրում էի հիմնականում ամռանը: Ընդհանուր վերցված «Սպարտակը» 8 ամսվա ընթացքում է գրվել: Վերջացրել եմ 1954 թվականի փետրվարի 22-ին: Երաժշտությունը գրվել է Հին Ռուզայում՝ կոմպոզիտորների տանը: Արամ Խաչատրյան»:
ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
1941 թվականին Ա. Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրեց երաժշտություն Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954 թվականին Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար: 1982 թ. կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը՝ այդ երկու դրամաների երաժշտությունը խմբագրելով, ստեղծեց «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվեց Երևանի օպերայի և բալետի թատրոնում և մեծ հաջողություն ունեցավ:
«Ես ապրում էի այդ դրամայով, երաժշտությունը սրտի թրթիռով էի գրում: Իսկ թե ինչպես այն ծնունդ առավ, բառերով դժվար է արտահայտել...», - «Դիմակահանդես» բալետի վրա տարվող աշխատանքներից ստացված իր տպավորությունները հետագայում այսպես էր ներկայացնում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: Երկարամյա դադարից հետո խաչատրյանական «Դիմակահանդեսը» Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում վերաբեմադրվեց 2017 թվականին՝ հաստատուն տեղ զբաղեցնելով Թատրոնի մշտական խաղացանկում: