Արմինֆո. Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով, այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթներին Հայաստանում, մտածելակերպի հեղափոխություն էր:
Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում Պյոտր Սվիտալսկին միևնույն ժամանակ հավելել է, որ իշխանության ու հանրության առջև այս պահին մեծ մարտահրավերներ կան պահպանելու դրական փոփոխությունները. «Հայաստանյան վերջին զարգացումները գնահատելու համար դեռ պետք է սպասել, հավանաբար՝ անգամ թողնենք պատմաբաններին: Հավատում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցավ Հայաստանում, շատ խորն է: Խոսքը իշխանության փոփոխության, նոր դեմքերի, կառավարությունում քաղաքական գործիչների մասին չէ, խոսքը նաև սոցիալական, տնտեսական, կրթական քաղաքականությունների փոփոխության մասին չէ: Կարծում եմ, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում վերաբերում է մարդկանց մտածելակերպին, դա մտածելակերպի հեղափոխություն էր: Կարծում եմ, մարդիկ որոշեցին ազատագրվել անցյալի մտածողությունից, անցյալի սինդրոմներից: Կարծում եմ, սա խորն է, տևական: Շատ կարևոր էր երիտասարդների մասնակցությունը: Այն, ինչ տեղի ունեցավ երեք շաբաթ առաջ, խորն էր, այն թափանցեց մարդկանց միտքը: Մեծ մարտահրավերներ կան այս պահին՝ և՛ իշխանության, և՛ հանրության առջև, թե ինչպես պահպանել այս դրական փոփոխությունները, էներգիան, որը ճառագում է մարդկանցից»:
Երևանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի խոսքով, օտարերկրյա դիտորդներին ակնհայտ էր, որ հայաստանյան հանրության ներսում լուրջ դժգոհություն է կուտակվել, հանրությունը բավարարված չէր տնտեսական զարգացմամբ, դժգոհ էր աղքատության, գործազրկության բարձր մակարդակից. «Կարծում եմ, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում քաղաքական առումով շատ յուրահատուկ է, որովհետև Հայաստանում ծագած քաղաքական ճգնաժամը լուծվեց խաղաղ կերպով, սահմանադրական շրջանակում, որը շատ լուրջ ուղերձ է աշխարհին: Խոսել եմ այդ գործընթացի բոլոր կողմերի հետ, և այդ ուղերձը ստեղծում է Հայաստանի շատ դրական իմիջ աշխարհում: Այն հուժկու մի ազդանշան է հայաստանյան հանրության համերաշխության, միասնության և քաղաքական հասունության մասին: Սա մի բան է, որը պետք է պահպանել»:
Անդրադառնալով առաջիկայում հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Սվիտասլկին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել այդ ընտրությունների անցկացմանը. «Անշուշտ, պատրաստ ենք աջակցել, եթե նման հայտ լինի: Մենք չենք ինքնառաջադրվի, սակայն եթե նման հայտ լինի, մենք կշարունակենք աջակցել, ինչպես արդեն արել ենք: Հարցերը դյուրին չեն: Նախևառաջ այն պատճառով, որ մենք չգիտենք, թե խորհրդարանական ընտրությունները երբ կանցկացվեն: Այն, ինչ գիտենք, հետևյալն է՝ նոր Կառավարությունը և նրա շուրջ առկա քաղաքական ուժերը ցանկանում են առաջ գնալ և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց չգիտենք, թե որն է լինելու վերջնական որոշումը: Սակայն կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը, դոնորները, պատրաստ են աջակցել»: