Արմինֆո. Մի շարք հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը դադարեցնելու կոչով:
Նամակի հեղինակների կարծիքով, հանքավայրի շահագործումը կարող է հերթական էկոլոգիական աղետը լինել Հայաստանի համար: «Մենք գիտակցում ենք, որ լեռնահանքային ոլորտում պետական քաղաքականությունը մինչ օրս հիմնված է եղել զարգացման այնպիսի տեսլականի վրա, որն աշխարհի բազմաթիվ երկրների օրինակով ապացուցված է որպես ձախողված քաղաքականություն՝ իր կարճաժամկետ, խիստ ռիսկային, տնտեսապես ոչ ծախսարդյունավետ և ֆինանսապես անկայուն, մարդկային անվտանգությունն ու համընդհանուր բարեկեցությունը ստորադասող, ապագա սերունդների իրավունքները ոտնահարող, երկիրը երկարատև կտրվածքով աղքատության մղող հատկանիշների պատճառով։ «Ռեսուրսների անեծք» անվանվող իրավիճակը Հայաստանում ներկայացվել է որպես «ներդրումներ ներգրավելու» հնարամիտ քաղաքականություն, մինչդեռ ներդրումներ կոչվածը լայն իմաստով ցանկացած տնտեսվարողի ծախսերն են, որոնք քողարկում են տնտեսվարման հետ կապված այլ էական կողմեր՝ տնտեսվարողի շահույթը, հանրային բարիքի, տվյալ դեպքում՝ հանքային հանածոյից ստացված եկամուտների արդար բաշխումը տվյալ երկրի բնակիչներին, աշխատավորների և գյուղացիության շահերը, երկարաժամկետ գոյատևման հնարավորությունները և ամենակարևորը՝ բնության անշահախնդիր պահպանության հարցը»,- ասված է նամակում:
Նշենք, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին և մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարևոր տեղ են զբաղեցնում: Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական: Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է հետևյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին ինչպես նաև նրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով: Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային և 1 ալյումինահանքային հանքավայր:
Մայիսի 25-ին մ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին հայտարարել էր, որշատ շուտով աշխատանքներ կսկսվեն Հայաստանում շահագործվող հանքերում և օգտակար հանածոների հանքավայրերում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարման ուղղությամբ: :«Կարճ ժամկետներում կհրապարակվեն ուսումնասիրությունների բոլոր տվյալները»,- ընդգծել էր նախարարը: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիազոր մարմիններին հանձնարարել էր ստուգումներ սկսել Հայաստանում շահագործվող հանքերում և օգտակար հանածոների հանքավայրերում: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ վերջին ժամանակները բազմաթիվ ահազանգեր են ստացվել երկրի օրենսդրությանն ու էկոլոգիական ստանդարտներին այդ հանքերի գործունեության համապաատասխանության վերաբերյալ: Վարչապետն ընդգծել էր, որ հետևողական է լինելու այդ հարցում, քանի որ վերջին ժամանակներն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում էկոլոգիական խնդիրներն ակտիվորեն քննարկվում են, ուստի հարկավոր է կշռադատված մոտեցում: Վարչապետի համոզմամբ, միայն այդպիսի մոտեցման դեպքում կհաջողվի զերծ մնալ բացասական հետևանքներից, այդ թվում` ներդրումների հետ կապված: