Արմինֆո. Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մայիսի 28-ին Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ Երևանում կայացած համատեղ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Այս համատեքստում նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ «Մենք պայմանավորվել ենք, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը», - ասել է Մնացականյանը:
Ըստ նրա, հանդիպման ընթացքում մանրակրկիտ քննարկվել է նաև Իրանի միջուկային պրոբլեմը, սիրիական ճգնաժամը, Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովը Երևանում: «Մենք մտքեր փոխանակեցինք նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության, ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և այս ձևաչափով հայ-ֆրանսիական փոխգործակցության համար բացվող նոր հեռանկարների շուրջ: Բնական է, սա էլ է մեր երկկողմ օրակարգի կարևոր հարցերից մեկը»,-եզրափակել է Մնացականյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ