Արմինֆո.Մայիսի 24-ին համացանցում տարածվել է պրանկերների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ ունեցած հորինված հեռախոսազրույցի ձայնագրությունը: ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը գնահատում է ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ խոսքի ազատության և տեղեկույթի տարածման իրավունքի կարևորությունը ժողովրդավարության զարգացման գործում: Միևնույն ժամանակ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը բացարձակ անթույլատրելի է համարում տարատեսակ մանիպուլյացիաների նպատակով ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի անվան շահարկումը: Նմանատիպ արարքները վնաս են հասցնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:
Հիշեցնենք, որ ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (կեղծանունը՝ «Վովան») և Ալեքսեյ Ստոլյարովը («Լեքսուս») Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ հեռախոսազրույց էին վարել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ, ով հայտարարել էր, թե կառավարությունը գրեթե 100 տոկոսով համոզված է, որ Սկրիպալների թունավորման համար մեղավոր է Ռուսաստանը: Ըստ բրիտանական Times-ի, ռուս պրանկրեների ասելով, պարոն Ջոնսոնն, ըստ երևույթին, չի գիտակցել, որ զանգը կեղծ է, ընդհուպ այն պահը, երբ իրենք ենթադրություն են հայտնել այն մասին, որ Կրեմլը սատարում է Ջերեմի Կորբինին (խորհրդարանական ընդդիմության առաջնորդ – խմբ.): Ջոնսոնը նաև չի արձագանքել Թուրքիայի նախագահ Էրդողանի վերաբերյալ իր անպարկեշտ ոտանավորի նկատմամբ զրուցակցի հիացմունքին: Ռուս պրանկերների կարծիքով, իրենց բացահայտել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ինչ-որ մասնագետ, որը վերահսկել է հեռախոսազրույցը, իսկ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրենք ենթադրություն են հայտնել, թե Ուկրաինայի նախագահը խումարի դեմ պայքարի ավանդական միջոցները կիրառում է որպես հակաթույն: Հենց դրանից հետո հեռախոսազրույցն ընդհատվել է: Ինչպես գրում է Times-ը, Բորիս Ջոնսոնի պաշտոնավարումը նշանավորվել է տարաբնույթ «լեզվական սայթաքումներով՚, ուստի Ֆորին Օֆիսը թեթևություն է զգացել, որ այս անգամ նման բան չի եղել:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ