Արմինֆո. Եթե Հայաստանի ղեկավարությունն առաջարկում է ապահովել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին, նշանակում է՝ ցանկանում է վերջ դնել խաղաղարար գործընթացին:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նախարարն ասել է, որ այդ հարցը քննարկվել է վերջերս Փարիզում համանախագահների հետ հանդիպման ժամանակ: «Ես ասել եմ նրանց, որ նման առաջարկը ծիծաղելի է»:
Անդրադառնալով միջնորդների Երևան այցին, նա, մասնավորապես, ասել է. «Հունիսին համանախագահների Երևան այցը կարևոր է, որպեսզի նրանք կարողանան ծանոթանալ իրավիճակին և կարծիքներ փոխանակել: Այս անգամ համանախագահների Ադրբեջան այց ծրագրված չէ: Սկզբում նրանք պետք է այցելեն Հայաստան, որպեսզի ծանոթանան նոր կառավարության հետ: Նրանք պետք է իմանան, թե ում հետ են աշխատելու»: Նա ավելացրել է, որ չնայած համանախագահներն առաջարկել են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ՝ հանդիպման ժամանակն ու վայրը դեռ չեն քննարկվել: