Արմինֆո.Եթե Միհրան Պողոսյանը գտնում է, որ իր օգնականի ձերբակալությունը վենդետա է, նա կարող է բարձրացնել այդ հարցը և ընթացք տալ դրան: Այդ մասին մայիսի 25-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ելք» խմբակցությունից պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Բոլորս հավասար ենք օրենքի առաջ, և եթե ինչ-որ մեկը խախտում է օրենքը, ապա, անկախ այն բանից, թե ով է նա, պետք է արժանի պատիժ կրի դրա համար: Նոր Հայաստանում չպիտի լինեն արտոնյալներ: Օրենքի առաջ հավասարաչափ պատասխանատու են ինչպես իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ՝ հասարակ քաղաքացիներ»,- հավաստիացրել է Մարուքյանը:
Նա նշել է, որ ՀՀԿ անդամները քաղաքական հալածանքների և վենդետաների չեն ենթարկվում: Ավելին, Մարուքյանի խոսքով, եթե նման բան լինի, ինքն առաջինը հանրապետականների կողմը կկանգնի: Պատգամավորի խոսքով, տվյալ պահին Հայաստանում չկան մարդիկ, ովքեր քաղաքական հետապնդման են ենթարկվել: «Արմեն Աշոտյանի հայտարարությունը, թե ՀՀԿ անդամները ենթակվում են քաղաքական հալածանքների, չի համապատասխանում իրականությանը: Ավելին, կարծում եմ, որ եթե նման բան տեղի է ունեցել, Աշոտյանը կարող էր անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքել և դիմել Սահմանադրական դատարան, սակայն, նա դա չի արել: Բացի այդ, կա նաև օմբուդսմենի գրասենյակ և այլ լիազոր կազմակերպություններ»,- նշել է Մարուքյանը:
Արմեն Աշոտյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ տեղեկացված է, որ կարող է դիմել իրավապահ կառույցներին, և գնահատում է Էդմոն Մարուքյանի մտահոգությունը: «Իրավապահների հետ, իհարկե, կաշխատենք, բայց նրանց հետ, ովքեր այս ժամանակահատվածում «իրենց քաղաքական ճաշակը չեն խառնել իրենց իրավապաշտպանի անաչառ գործունեությանը»»,- նշել է պատգամավորը: