Արմինֆո.Պաշտոնական Երևանն ուշադիր հետևում է Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումներին Իսրայելի Քնեսետում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` մայիսի 25 -ին «Հայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 27-րդ նիստի հարթակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Սակայն այդ հարցը հարկավոր է գնահատել տարբեր ռակուրսներից: Կարծում եմ, որ դա, առաջին հերթին, ավանդ է նոր ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում: Դա կարևոր հարց է մարդկության համար և կարևոր ահազանգ այդ ուղղությամբ՚, - ասել է Մնացականյանը: Նա ընդսմին նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն տարրերից մեկն է:
Մնացականյանը նաև տեղեկացրել է, որ նոր կառավարության արտաքին քաղաքականության գերակայություններն առաջիկայում կներկայացվեն, և այդ համատեքստում նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակել է այդ գծի հիմնական ուղղությունները: