Արմինֆո. «Հայաստան՚ համահայկական հիմնադրամի կարևորագույն խնդիրն այսօր Հայաստանի և Սփյուռքի համախմբումն է: Մայիսի 25-ին «Հայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի բացմանն այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, փաստելով, որ 27-րդ նիստի քվորումն ապահովված է 37 անդամներից 26-ի ներկայությամբ:
Ընդ որում, Հայաստանի նախագահը համախմբվածության օրինակներից մեկը համարել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման ավարտը: Միևնույն ժամանակ, Արմեն Սարգսյանը նշել է, որ 2018 թվականի գարունը հարուստ էր Հայաստանի համար կարևորագույն իրադարձություններով: «Համոզված եմ, որ 2018 թվականը պատմական կլինի Հայաստանի համար այն կարևոր միջոցառումների հագեցածությամբ, որոնք երկրում նախատեսվում են, սկսած Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունից մինչև Էրեբունի-Երևանի 2800-ամյակը: Այս տարվա գարնանը մենք թևակոխեցինք զարգացման նոր փուլ` անցնելով կառավարման խորհրդարանական ձևի՚, - նշել է նախագահը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ բարձրացել է նաև Հայաստանի միջազգային հեղինակությունը: Արմեն Սարգսյանի ասելով, հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ի զորու է խաղաղ ճանապարհով լուծել կենսական խնդիրները և համախմբվել իր պատմության կարևոր պահերին, ինչի վառ վկայությունն այս տարվա ապրիլի 24-ն էր, երբ երկրի քաղաքացիները, մի կողմ թողնելով կարևոր հարցերը, հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: