Արմինֆո. ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցներն ուշադիր ուսումնասիրում են Ամուլսարի ոսկեբեր հանքավայրի ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ բոլոր բողոքները: Այս մասին մայիսի 24-ին Երևանում լրագրողներին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Էկոլոգների խումբը երեկ տվեց Ամուլսարի նախագծի իրականացման հետ կապված բողոքները: Այժմ նախագահի աշխատակազմն ուշադիր քննում է այդ փաստաթղթերը, որից հետո կարող է պատասխանել: Ավելին, հարցը համապատասխան ուղիներով կուղարկվի կառավարությանը, լուծումներ որոնելու համար, եթե դրանք կան», - ասել է նախագահը:
Նշենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել էր «Ամուլսարն առանց հանքերի» նախաձեռնության անդամներին, որոնք բողոքի-երթ էին կազմակերպել Երևանում: Ավելին, նա նրանց հետ պարեց «քոչարի»:
Արմեն Սարգսյանը, լսելով ցուցարարներին, հայտարարեց, որ առանձնացրել է մի քանի խնդիրներ: «Որպես նախագահ, ես առանձնացրել եմ 3 կարևոր խնդիր մեր երկրում` անվտանգության ապահովումը լայն իմաստով, դա ոչ միայն բանակն է: Երկրորդը դա կրթությունն է, այդ թվում այն քաղաքացիական կրթությունը, որը երիտասարդությունն ստացել է փողոցում, իսկ երրորդը`բնապահպանությունն է, որտեղ կան չլուծված շատ խնդիրներ», - ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: