Արմինֆո. Քնեսետի պատգամավորները 16 «կողմ՚ և 10 «դեմ՚ ձայներով հավանություն են տվել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցն օրակարգ մտցնելու վերաբերյալ Տամար Զանդբերդի «ՄԵՐԵՑ՚ առաջարկությանը, հաղորդում է «Վեստի-Իսրայելը՚: Քնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը նիստի ընթացքում հայտարարել է, որ Իսրայելը պարտավոր է ճանաչել ցեղասպանությունը` անկախ Թուրքիայի շուրջ առկա իրավիճակից:
«Մենք պարտավոր ենք կատարել մեր պարտքը` որպես հրեաներ և որպես մարդիկ, պարտք, որի կատարմանը ես արդեն մի քանի տարի կոչ եմ անում՚, - ասել է Քնեսետի խոսնակը:
Ցեղասպանության ճանաչումը կախված է կառավարության և կոալիցիայի դիրքորոշումից, որի պատգամավորներն այդ հարցի շուրջ քվեարկության ազատություն են ստացել: Քվեարկությունը պետք է կայանա առաջիկա շաբաթ:
Աղբյուրը հիշեցնում է, որ, ի տարբերություն Իսրայելի, 30 երկրներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: 2016 թվականին Քնեսետի կրթության հանձնաժողովը ընդունել էր համապատասխան բանաձև և Քնեսետին ու կառավարությանը կոչ էր արել ճանաչել ցեղասպանությունը: Սակայն նման քայլը կարող է վերջնականապես վատթարացնել Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները: