Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանին խնդրել է դադարեցնել հացադուլը: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրառում է արել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ՝ վերջինիս խնդրելով դադարեցնել հացադուլը: Միանում եմ պարոն Փաշինյանի խնդրանքին», - գրել է Էդուարդ Աղաջանյանը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո ընդհատակ անցած Գարեգին Չուգասզյանը 2018-ի ապրիլի 23-ին ընդհատակից դուրս եկավ, իսկ ապրիլի 24-ին բերման ենթարկվելուց հետո «Նուբարաշեն՚ ՔԿՀ-ում հացադուլ հայտարարեց` պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, համաներում հայտարարել անհամաչափ պատիժ ստացած անձանց նկատմամբ և ձևավորվել անցումային հանձնաժողովներ՝ այս հարցերը լուծելու համար։ Մայիսի 11-ին դատարանը փոխեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը և ազատ արձակեց, ինչից հետո Չուգասզյանը հացադուլը շարունակում է Մատենադարանի մոտ: