Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ու սահմանադրական իշխանափոխությունը, հաստատել հայ ժողովրդի հետ ԱՄՆ հարաբերությունների բարեկամական բնույթը և խոստացել է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ` ընդհանուր շահերի առաջ մղման նպատակով:
Այդ մասին ասվում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեին (ANCA) հղված Փոմփեոյի նամակում, որն ստացվել է ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարին` որպես «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի խորհրդի նախագահի, հղված ANCA կոչի` Հայաստանին 140 մլն դոլարի դրամաշնորհի տրամադրմանն աջակցելու վերաբերյալ: Դրամաշնորհը կուղղորդվի գիտության, տեխնոլոգիաների, ինժեներիայի, արվեստի և մաթեմատիկայի ոլորտների կրթական ծրագրերին:
Փոմփեոն պատասխան նամակում ողջունել է Հայաստանում «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի միջոցով STEAM կրթական ծրագրերը զարկ տալու գաղափարը, պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Նա ընդսմին շեշտել է, որ կորպորացիան չունի պաշտոնական մի գործընթաց, որը արագացված կարգով քննարկի նման ծրագրերը: «Մենք հույս ունենք, որ այս տարի Հայաստանի կառավարությունն առաջընթաց կարձանագրի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերին համապատասխանելու չափանիշների հարցում, որպեսզի տնօրենների խորհուրդը դիտարկի Հայաստանը՝ ընտրություն կատարելու ամենամյա գործընթացում»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
ANCA նախագահ Րաֆֆի Համփարյանն, իր հերթին, ողջունել է Փոմփեոյի վերաբերմունքը Հայաստանի վերջին իրադարձությունների նկատմամբ և պետքարտուղարի ու նրա թիմի հետ համագործակցության հույս հայտնել` երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար: