Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝
վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի ու Կիպրոսի
հարաբերություններն ունեն պատմական արմատներ, և երկու ժողովուրդների
միջև ջերմության պակաս չի զգացվել: «Ուրախ եմ արձանագրել, որ մեր
երկրները տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ունեն ընդհանուր
տեսակետներ: Կարևորում ենք Կիպրոսի դերը Հայոց ցեղասպանության
միջազգային ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման ու
դատապարտման գործում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարձր է
գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Կիպրոսի
դիրքորոշումը և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների
ջանքերին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը
շահագրգռված է Կիպրոսի հետ քաղաքական, տնտեսական, անվտանգության
ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացմամբ և կարևորել է
Կիպրոսի հետ փոխգործակցությունը նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների
շրջանակում:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը
շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու
կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկու երկրների
համագործակցությունը այսուհետ նոր թափ կստանա: «Վստահ եղեք, որ մենք
Եվրոպական միությունում կստանձնենք Հայաստանի ներկայացուցչի դերը և
կփորձենք քայլեր իրականացնել համապարփակ և ընդլայնված
գործընկերության համաձայնագրի վավերացման ու վիզաների
ազատականացման գործընթացի ուղղությամբ»,- ասել է Դեմետրիս Սիլուրիսը:
Վերջինս հեռանկարային է համարել համագործակցության ընդլայնումը
անվտանգության, տնտեսության, կրթության, մշակույթի ոլորտներում և
ավելացրել, որ դրան կարող է էապես նպաստել Կիպրոսի հայ համայնքը:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահն
անհրաժեշտ է համարել գործարար կապերի սերտացման ու այս
բնագավառում համագործակցության դաշտի ընդլայնմանն ուղղված քայլերի
իրականացումը:
Վարչապետ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը կարևորել են Հայաստանի,
Կիպրոսի և Հունաստանի միջև եռակողմ համագործակցության զարգացումը
և հույս հայտնել, որ այս ուղղությամբ առաջիկայում կողմերը կշարունակեն
ակտիվ աշխատել:
Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Կիպրոսի
նախագահ Նիկոս Անաստասիադեսին և վերահաստատել աշնանը Երևանում
կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու
հրավերը: