Արմինֆո.Մայիսի 22-ին Էստոնիայի վարչապետի նստավայրում տեղի ունեցավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի և Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի
հանդիպումը։
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման սկզբում
դեսպան Մկրտչյանը Յուրի Ռատասին փոխանցեց ՀՀ նորընտիր վարչապետ
Նիկոլ Փաշինյանի նամակը, որով ՀՀ վարչապետը շնորհակալություն է
հայտնում էստոնացի գործընկերոջը վարչապետի պաշտոնում նշանակման
կապակցությամբ նրա ջերմ շնորհավորանքների համար՝ մեծապես
կարևորելով նաև այն փաստը, որ Էստոնիան ՀՀ-ԵՄ Համապարփակ և
ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրած առաջին ԵՄ
երկիրն է։
Յուրի Ռատասն իր հերթին վերահաստատեց Էստոնիայի
պատրաստակամությունը ՀՀ ղեկավարության հետ աշխատանքները
շարունակելու և բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու
ուղղությամբ։ Էստոնիայի վարչապետը նշեց, որ էլեկտրոնային կառավարման,
թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման այլ ոլորտների
արդիականացման հարցում Էստոնիան պատրաստ է իր փորձը փոխանակել
Հայաստանի հետ։
Դեսպան Մկրտչյանն առաջարկեց, որ նշված, ինչպես նաև տնտեսական այլ
ոլորտներում համագործակցության լավագույն հարթակներից կարող է
հանդիսանալ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ֆրանկոֆոնիայի
գագաթաժողովին զուգահեռ կազմակերպվելիք տնտեսական ֆորումին
էստոնական կողմի մասնակցությունը։ Ի պատասխան Էստոնիայի
վարչապետը նշեց, որ Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդն արդեն
հաստատել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին իր մասնակցությունը և այդ
այցը կարող է հավելյալ խթան հանդիսանալ հայ-էստոնական
հարաբերությունների զարգացման համար։
ՀՀ դեսպանն առաջարկեց նաև, հաշվի առնելով տեղեկատվական
տեխնոլոգիաների որոլտի՝ երկու երկրների տնտեսական զարգացման
առաջնահերթ ուղղություններից լինելու հանգամանքը, դիտարկել Հայաստան-
Էստոնիա բարձր մակարդակով թվային ֆորում կազմակերպելու
հնարավորությունը: Էստոնիայի վարչապետը հետաքրքրությամբ
արձագանքեց այս առաջարկին և հորդորեց գաղափարը քննարկել ոլորտի
պատասխանատու կառավարության ներկայացուցիչների հետ՝ խոստանալով
ցուցաբերել նաև իր աջակցությունը։
ՀՀ դեսպանը և Էստոնիայի վարչապետը նաև քննարկեցին
գյուղատնտեսության ոլորտում հնարավոր համագործակցության
հեռանկարները։
Դեսպան Մկրտչյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում նաև սպասում են
հունիսի սկզբին Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարի
այցելությանը՝ Հայաստանի և Էստոնիայի 100-ամյակներին նվիրված
տոնակատարությանը մասնակցելու նպատակով։