Արմինֆո.«Մենք հաստատակամ ենք, որ թույլ չենք տալու դիրքային փոփոխություն որևէ հատվածում: Սա հստակ ուղերձ է, որը նաև իրենց այցով հղել են Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները», - հյատարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նա հիշեցրել է, որ մայիսի 18-ին, Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտու նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ էին այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ինչը պայմանավորված էր ադրբեջանական կողմից այդ ուղղությամբ իրականացվող ինժեներական աշխատանքներով, որոնք անմիջականորեն վտանգում են մեր դիրքերը, և տեղում ծանոթացումը ենթադրում է համապատասխան աշխատանք: ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության արձագանքներում բազմիցս ընդգծվել է և նախազգուշացվել Ադրբեջանին, որ նման աշխատանքները սրում են իրավիճակը և կարող են հանգեցնել անցանկալի զոհերի:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ գործընկերները տեղեկացվել են ստեղծված իրավիճակի մասին, Բալայանն ընդգծել է, որ Հայաստանի գործընկերները տարբեր մակարդակներով տեղեկացվել են այն մասին, որ այս իրավիճակը կարող է հանգեցնել լարվածության:
Հիշեցնենք, որ նախորդ օրերին հայ-ադրբեջանական սահմանին զոհեր գրանցվեցին. մայիսի 20-ին` հայկական կողմում, իսկ հաջորդ օրը՝ ադրբեջանական: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում մայիսի 20-ի երեկոյան այդ առնչությամբ հետևյալ գրառում էր կատարել. «Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ Ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ` նպատակ ունենալով բարելավել դիրքերը: Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողություններն առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք՝ զոհեր»: