Արմինֆո. Առաջիկա ամիսներին Հայաստանի զինված ուժերը կստանան ռուսական «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ)։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը` վկայակոչելով Հայաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Հայաստանի ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ Արթուր Պողոսյանը «Զինուժ՚ ծրագրի եթերից հաղորդել է, որ «Տոռ» համակարգը գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմում, նույնիսկ առանց անձնակազմի մասնակցության, պայքարել ցանկացած սպեկտրի օդային հարձակումների, այդ թվում՝ գերճշգրիտ հրթիռների դեմ։
Ռուսական «Տոռ» զենիթահրթիռային համալիրը մշակվել է օդային հարվածներից զորքերի և քաղաքացիական օբյեկտների մարտավարական պաշտպանության ապահովման համար։ ԶՀՀ-ն ի զորու է պայքարել հակառակորդի հրթիռների տարբեր տիպերի, անօդաչու թռչող սարքերի, ավիացիոն ռումբերի, ինքնաթիռների և ուղղաթիռների դեմ։ Այն նախատեսված է կարևոր վարչական, տնտեսական և ռազմական օբյեկտները, ցամաքային միավորումների առաջին էշելոնները պաշտպանելու համար: Կարող է աշխատել ինչպես օպերատորի կառավարմամբ, այնպես էլ լիակատար ավտոմատ ռեժիմով: «Տոռ՚ համակարգն ինքն է վերահսկում նախանշված օդային տարածությունը և ինքնուրույն խոցում է բոլոր օդային թիրախները, որոնք չի ճանաչում «յուրային-օտար՚ համակարգը: