Արմինֆո. Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մի շարք նշանակումներ է կատարել:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտնել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ ԷդգարՋանոյանը, Օսիպյանն այսօր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել իր առաջին տեղակալ, գնդապետ Արման Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել նաև Հովհաննես Քոչարյանը, ով մինչև այդ զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը: Վերջինս նշանակվել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի փոխարեն, ով օրեր առաջ հրաժարական էր տվել:
Օսիպյանը նշանակել է նաև ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության (6-րդ վարչություն) ղեկավարին`Արտակ Կարապետյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը: Նա այդ պաշտոնում փոխարինել է Ռաֆիկ Զաքարյանին: