Արմինֆո. Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը և Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացման հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստում հանդես են եկել 2019 թվականին Արցախին և Հայաստանին ամերիկյան օգնության ծավալներն ավելացնելու մասին հայտարարությամբ:
Ինչպես հաղորդել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն, Փալոնն իր ելույթում, մասնավորապես, հայտարարել է, որ 2019 ֆինանսական տարվա բյուջեն պետք է արտահայտի Հայաստանի Հանրապետության անկախության ուժեղացման, Արցախի Հանրապետությունում խաղաղության հաստատման և Հայաստանը՝ որպես Միջին Արևելքի վտանգված փախստականների համար տարածաշրջանային ապաստանի աջակցելու հանձնառությունը: Նա հիշեցրել է հայերին ԱՄՆ-ի տրամադրած օգնության երկար պատմությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, և նշել է, որ ամերիկացի ժողովրդի առատաձեռնությունը շարունակվել է՝ օգնելով Սառը պատերազմի ավարտին ժողովրդական բարեփոխումներ իրականացնել և շուկայի վրա հիմնված տնտեսություն ստեղծել: «Այս բարեփոխումներն այժմ լիովին երևում են ապրիլին տեղի ունեցած խաղաղ ցույցերից հետո, երբ դրանք հանգեցրին մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ժողովրդավարական և արդար ընտրությանը»,- ասել է նա:
Փալոնը 20 միլիոն դոլարի հատկացում է խնդրել Հայաստանում ապաստան փնտրող ավելի քան 20 000 սիրիացի փախստականներին աջակցելու համար, ինչպես նաև 6 միլիոն դոլար՝ Արցախում իրականացվող ծրագրերի իրականացման համար: Նա նշել է, որ այսօր էլ շարունակվում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը՝ մասամբ Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության պատճառով, և կոչ է արել Կոնգրեսի առաջնորդներին չեղարկել Ադրբեջանին տրամադրվող բոլոր տեսակի ռազմական օգնությունները և 4 միլիոն դոլար հատկացնել շփման գծի երկայնքով կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղակայելու համար: Նա նաև 30 միլիոն դոլար տնտեսական օգնություն և 10 միլիոն դոլար ռազմական օգնություն է խնդրել Հայաստանի համար: «Հայաստանը դուրս է եկել անկայուն քաղաքական ժամանակահատվածից և զանգվածային ցույցերից՝ ունենալով նոր վարչապետ, և ես կարծում եմ, որ սա կարևոր պահ է խորացնելու մեր համագործակցությունը Հայաստանի հետ և առաջարկելու մեր աջակցությունը՝ ավելի ուժեղ և ավելի բարեկեցիկ ժողովրդավարություն կառուցելու գործում»,- ասել է Ադամ Շիֆը՝ ներկայացնելով Հայաստանին և Արցախին 2019 ֆինանսական տարվա համար հատկացվող օգնության իր առաջնահերթությունները:
Ավելի վաղ Ամերիկայի հայ ազգային կոմիտեն ԱՄՆ Կոնգրեսից խնդրել էր 70 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին աջակցության համար: