Արմինֆո. «Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի հետ, ով հրաժարական տալու ցանկություն է հայտնել»,- մայիսի 17-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հարությունյանին արդյունավետ աշխատանքի համար: Հարությունյանն իր հերթին հայտարարել է, որ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին եկամուտների հավաքագրումը պետական բյուջեում նախատեսվածից ավելի է 14 մլրդ դրամով: «Քանի որ 1 տրլն 349 մլրդ բյուջեի եկամտային մասի հավաքագրման համար մենք առաջանցիկ հավաքագրում ունենք, մեր թիրախը լինելու է 1 տրլն 375 մլրդ դրամը»,-ասել է նա:
Ի պատասախան՝ Փաշինյանը հետաքրքրվել է կոմիտեի նորանշանակ ղեկավարից, թե արդյոք հասկացել է ակնարկը: Դավիթ Անանյանը հայտարարել է, որ Հարությունյանի խոսքերն ընկալում է՝ որպես բարի ցանկություն: «Մեր կառավարությունը բարի ցանկությունների իրականացման կառավարություն է»,- նշել է վարչապետը: Նշենք, որ Դավիթ Անանյանը մինչ այսօր զբաղեցրել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: