Արմինֆո. Առավոտից Երևանում բողոքի տարբեր ակցիաներ են տեղի ունենում. ներկայումս տաքսու վարորդները փակել են Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Սակայն, վարչապետը դուրս չի գալիս ակցիայի մասնակիցների հետ հանդիպելու, և երթևեկությունը պողոտայում կաթվածահար է: Փակ է նաև Արշակունյաց պողոտայի երթևեկությունը: Այն փակել են «Սասնա ծռեր» խմբի կողմնակիցները, ովքեր բողոքում են խմբի անդամների նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժելու դատարանի վճռի դեմ: Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Սասնա ծռեր» խմբի գործն առանձնակի մոտեցում է պահանջում, ինչը հարուցել է խմբի խիստ դժգոհությունը:
Այժմ շարունակվում են Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիաները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով: «Մերժիր Տարոնին և իր բարեկարգումը» բողոքի ակիցիայի մասնակիցները ներխուժել են Երևանի քաղաքապետարանի շենք՝ չնայած պահպանության ծառայության դիմադրությանը: Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ «քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար միջոցներ ձեռնարկելու խնդրանքով»:
Առավոտյան վարչապետի նստավայրի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել նաև զինկոմիսարիատների նախկին աշխատակիցները, ովքեր բողոքում են կոմիսարիատներում տեղի ունեցող օպտիմալացումների դեմ:
Վարչապետի նստավայրի մոտ են եկել նաև «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Նրանք նույնպես, դժգոհ մնալով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից, որոշել են աջակցություն գտնել վարչապետի մոտ: Սակայն, ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, Փաշինյանը ցույց անող խմբերից ոչ մեկի ներկայացուցիչների հետ չի հանդիպել: