Արմինֆո. Ղարբաղի շուրջ բանակցային գործընթացում, չնայած ԼՂՀ ներկայացուցիչների բացակայությանը, Ստեփանակերտի դիրքորոշումը միշտ հաշվի է առնվել: Այդ մասին մայիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:
Քաղաքագետի խոսքով, ԼՂՀ դիրքորոշումը բանակցությունների ժամանակ միշտ ներկայացրել են Հայաստանից միջնորդները: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես շփումները չեն կորցրել Արցախի ներկայացուցիչների հետ: «Բոլորի համար ակնհայտ է, որ ղարաբաղյան հարցի միակ հնարավոր կարգավորումը բանակցային գործընթացն է: Սակայն, բոլորի համար ակնհայտ է նաև, որ առանց կողմերից մեկի՝ ղարաբաղյան կողմի, համաձայոնւթյան, որոշում չի կարող ընդունվել: Այդ պատճառով Հայաստանը, լինելով միջնորդ, միշտ ներկայացրել է Արցախի դիրքորոշումը: Սակայն, եթե հիմա հայկական կողմն ամեն կերպ ձգտի վերադարձնել Արցախը բանակցությունների սեղանի շուրջ, Ադրբեջանն իր հերթին կարող է ազգությամբ ադրբեջանցի Ղարաբաղի նախկին բնակիչներին ներկայացնել՝ որպես հակամարտության ևս մեկ կողմ: Հայաստանի ցանկացած գործողությանն ի պատասխան՝ Բաքուն միշտ հակազդեցություն է պատրաստում, և ակնհայտ է, որ այդ հնարավոր դեպքը բացառություն չի լինի»,- նշել է քաղաքագետը:
Մարկարովը հայտարարել է նաև, որ դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան Ղարաբաղի շուրջ բանակցությունները՝ հաշվի առնելով Հայաստանում իշխանափոխությունը: Փորձագետի խոսքով, Երևանի համար գլխավորն Արցախի տեսակետը բանակցությունների կողմերին հասցնելն է, ինչպես նաև չճանաչված հանրապետության անկախությանը հասնելը: «Իհարկե, դժվար է բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, որի վերջնական տեսակետը անհասկանալի է, սակայն այդ հարցը լուծելու միակ միջոցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններն են»,- ասել է քաղաքագետը: