Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել է Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը: Մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ այդ մասին հաղորդել է Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ Բելառուսի նախագահի արձագանքը եղել է «լավ, նորմալ՚: Վարչապետի ասելով, հանդիպման ընթացքում բարձրացվել են բոլոր հնարավոր և հայկական կողմին հետաքրքրող հարցերը:
Հիեցնենք, որ մայիսի 14-ին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր. «Հաճելի է հանդիպել, շնորհավորում եմ, որ պատվով և ճիշտ դուրս եկաք ստեղծված իրավիճակից, ինչի համար ուրախ ենք: Շատ կարևոր է, որպեսզի Դուք ինձնից լսեք այն, ինչ վերաբերում է Բելառուսի՝ եղբայրական հայ ժողովրդի ու պետության հետ հարաբերություններին: Չեմ կարծում, որ մեր հարաբերություններում կան կամ կլինեն որևէ խնդիրներ՚: Բելառուսի նախագահը կարևորել էր Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունների հետագա զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն ընդլայնվել կառուցողական ու բարեկամական մթնոլորտում: