Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրի եղած ժամանակ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ակնառու հակառակորդ էր, սակայն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին նրա մասնակցությունը, ինչպես նաև արած հայտարարությունները վկայում են, որ Փաշինյանը փոխել է իր մոտեցումներն իշխանության գալուց հետո:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա ասելով, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների անայլընտրանք լինելու և հանրապետության ԵԱՏՄ անդամակցության անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությունները վկայում են, որ նա պաշտպանում է Սերժ Սարգսյանի կառավարության արտաքին քաղաքականության գիծը և այն համարում է միակ ճիշտը ստեղծված պայմաններում: «Այդ դեպքում` ստացվում է, որ ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը զու՞ր էր քննադատում ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը և այսօր պետք է խոստովանի՞, որ սխալ է եղել: Բացի այդ, հետաքրքիր կլիներ իմանալ «Ելք՚ դաշինքի Փաշինյանի կողմնակիցների` «Հանրապետություն՚ և «Լուսավոր Հայաստան՚ կուսակցությունների դիրքորոշումը, որոնք ակնհայտ արևմտամետ ուժեր են. ինչպե՞ս են նրանք նայում իրենց գործընկերոջ արտաքին քաղաքական հայացքների կտրուկ փոփոխությանը՚, - նկատել է փոխխոսնակը, հարց տալով, թե ուրիշ որ արդիական հարցերի նկատմամբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները տարբեր կլինեն:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին «Ելք՚ դաշինքի զինակիցների հետ սուր քննադատության էր ենթարկում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը, անգամ, նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ կառույցից հանրապետության դուրս գալու հարցի շուրջ: Սակայն հետագայում, հավակնելով վարչապետի պաշտոնին, նա ընդգծեց, որ հանրապետությունն իր արտաքին քաղաքական գիծը չի փոխի և կշարունակի բոլոր կառույցներում ստանձնած պարտավորությունները: Ի պատասխան այն հարցի, թե ինչով է պայմանավորված նրա արտաքին քաղաքական հայացքների փոփոխությունը, Փաշինյանը բացատրել է, որ որպես ընդդիր ինքը չէր կարող այդ կառուցներում բարձրացնել իրեն հուզող հարցերն ու հասնել դրանց լուծմանը, իսկ այժմ, որպես պետության ղեկավար, ինքը նման հնարավորություն է ստացել:
Ամփոփելով իր մասնակցությունը Սոչիում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովին` Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ անդամ պետությունների ղեկավարների առջև բարձրացրել է իրեն հուզող բոլոր հարցերը և ստացել պատասխաններ: Ընդհանուր առմամբ` նա դրական է գնահատել Սոչիի հանդիպումները: